«Առանց ազգային դաստիարակության միջազգային մտածողություն չի լինում» ,- ասում է դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։ Ազգային երաժշտության մասին YerevanNews.am-ի հետ զրույցը երաժշտին մտովի տեղափոխեցին մանկություն։

«Ազգային երաժշտություն ասվածը մորս երգած օրորոցայիններն են հիշեցնում։ Նա վատ էր երգում, բայց այնքան հոգի կար այդ երգերի մեջ, որ լսելով դրանք՝ զգում էիր և խաղաղություն, և մայրական սեր։ Ազգային երաժշտության ֆենոմենալ հատկությունների մասին, ես չէ, որ պետք է խոսեմ։ Աշխարհին է հայտնի, որ այն մտածողություն է փոխում, ուժ է տալիս և հոգի է կազդուրում»,-ասում է դուդուկահարը։

Գևորգ Դաբաղյանի հետ փորձեցինք հասկանալ, թե որն է երաժշտության այն գործոնը, որն ազգին օգնում է ազգասեր դառնալ ու պահպանել եղածը։

«Ազգայինը սիրել ասվածը մոտավորապես նման է նրան, որ երեխային պետք է այնպես դաստիարակել, որ ինքը սիրի իր մորը։ Ես համաձայն եմ, որ մենք այսօր երկիրն ու ազգը սիրելու պակաս ունենք։ Շատ երկրներ եմ գնում և շփվում տարբեր մշակույթների հետ, բայց նրանց մոտ ազգայինի հանդեպ սերն ուրիշ է: Մենք այդ հարցում մի քիչ կեղծավոր ենք»,-ասաց Դաբաղյանը։

Իսկ, թե ինչու ենք կեղծավոր, երաժիշտը հստակ պատասխանել չի կարող, բայց գիտակցում է, որ երևույթը կարելի է փոխել և դրա իրական ուղին հետևյալում է տեսնում. «Գործող երաժիշտները հսկայական անելիքներ ունեն։ Պետք է ավելի կազմակերպված լինի տեղեկատվությունը, որը փոխանցվում է սերունդներին։ Սա պետք է փոխանցենք հանրամատչելի ձևով։ Ազգային երգը մենք ենք և մենք խոսում ենք մեր մասին։ Եթե դա ճիշտ չի մատուցվում, ապա այլասեռվում է: Ավելին՝ նույնիսկ գռեհիկացվում է մեր կերպարը»,- ասում է Դաբաղյանը։ Նա գտնում է, որ երգարվեստում տարբեր ժանրեր են անհրաժեշտ, բայց այն մաքուրը, որը կոչվում է մայր՝ մենք պարտավոր ենք պահպանել։
«Մենք չպետք է մոռանանք, թե որտեղից ենք սերում։ Այս գենը, որը ունենք, հասարակ գեն չէ։ Մենք պարտավոր ենք փայփայել այս հսկայածավալ արժեքները։ Նախկինում լավի ու գեղեցիկի հանդեպ հարգանք կար։ Մեր երեխաներին պետք է գեղեցիկը մատուցենք»,-ասաց Դաբաղյանը։

Դուդուկահարն ասում է նաև, որ երբեմն հայ արվեստագետները ազգային արժեքներին անդրադարձ կատարում են, բայց արդյունքը նրան չի գոհացնում։

«Շատ հաճախ անհասկանալի «շիլափլավներ» են սարքում ու ազգայինի անունով մատուցում: Դրանք ազգայինի հետ որևէ կապ չունեն և գռեհիկության օրինակներ են։ Չի կարելի երաժշտությունը փչացնել ու ասել, որ ժամանակակից է»,- ընդգծում է Գևորգ Դաբաղյանը։