Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն ասաց, թե աշխատանքային օրենսգրքում նախատեսված են մի շարք փոփոխություններ, որոնք դեռևս նախագիծ են և առանձնացրեց դրանցից մեկը։

«Աշխատանքային պայմանագրի հետ կապված կետում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից մեկն աշխատանքային գրքույկի վերացման հարցն է: Ըստ Փիլիպոսյանի՝ բոլոր նրանք, ովքեր նախկինում աշխատել են, նրանց աշխատանքային գրքույկները պահպանվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր նոր են աշխատելու, նրանց համար աշխատանքային գրքույկ այլևս չի բացվելու»,– ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը  խոսելով աշխատանքային խնդիրների մասին, նշեց. «Ութժամյա աշխատանքային օրվա հետ կապված խնդիրը, չենք կարող ասել, թե ամբողջությամբ լուծված է, բայց կարող ենք ասել, որ կարգավորված է»:

Բորիս Խառատյանի խոսքով աշխատանքային հարցերում հիմնական խնդիրն աշխատավարձն է, աշխատողները ցանկանում են քիչ աշխատել և շատ ստանալ, իսկ գործատուն ցանկանում է հնարավորինս շատ աշխատեցնել և քիչ վճարել:

Ըստ բանախոսի Հայաստանում աշխատանքային հարաբերությունների 51-52%-ը տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականով՝ ոչ ֆորմալ են: