«Այսօր մարդիկ չեն կարող բավարարվել այն ինֆորմացիայով, որը նրանց հատուկ ժամերին տալիս են: Այժմ ժամանակը շատ է արագացել: Միայն առավոտյան և երեկոյան նորություններին ծանոթանալը բավական չէ ինֆորմացված լինելուն: Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ռադիո լսել նույնիկ այն պարագայում, երբ չունենք հատուկ սարքավորումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հայաստանում մայիսի 7-ը այժմ տոնում են ոչ այնքան մեծ շուքով, որքան Խորհրդային Միության տարիներին:

Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր կապ ունեն և առնչվում են ռադիոյի հետ, կարող են փոփոխություններ անել ոլորտում, լուծել շատ խնդիրներ, որոնք չպետք է դառնան առաջ շարժվելու խոչընդոտ: Ըստ բանախոսի, այսօր հայաստանյան ռադիոն լճացման փուլում է գտնվում, նոր գաղափարներ շատ քիչ կան, սակայն կան որակյալ հաղորդումներ և հետաքրքրված մարդիկ:

«Ռադիոյին ուղղված մարտահրավեր կարելի է համարել նաև թվայնացումը: Մի գործընթաց, որը Հայաստանում դեռ վերջնական հաստատված չէ»-, ասաց Բորիս Նավասարդյանը:

Խոսելով ռադիոյի ինտերակտիվության մասին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ այս ցուցանիշով ռադիոն, համացանցից հետո գտնվում է երկրորդ տեղում: Կան բազմաթիվ ձևաչափեր ինտերակտիվ լինելու, սակայն դրանք չեն օգտագործվում: Խնդիրներից մեկն էլ հենց տեխնիկայի պակասն է՝ ուղիղ եթերները հաճախ ձայնագրվում են, հետո միայն եթեր տրվում:

Մեկ այլ խնդիր է նաև համայնքային ռադիոյի բացակայությունը, որն էլ հանգեցնում է այլ խնդիրների` համայնքների բնակչությունը տեղյակ չեն լինում կատարվող իրադարձություններին: Բացակայության պատճառն էլ ֆինանսական միջոցների սուղ լինելն է:

Բորիս Նավասարդյանը հավաստացած է, որ որոշակի քայլեր ձեռնարկելու պարագայում հայաստանյան ռադիոյի ապագան լուսավոր կլինի: