«Արման Գալստյանի հանդիպումը նախարարի հետ ոչ մի արդյունք չի տվել: Հակառակը դեռ ուզում են հաստատել բուժզննումն ու տեխզննումը: Նախ, Արմանը, մեզ հետ չի խոսել հանդիպելուց առաջ, չի հարցրել մեր պահանջները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Արսեն Պետրոսյանը:

Տաքսիստների խոսքերով հարկավոր չէ բուժզննում ու տեխզննում, քանի որ դրանք հավելյալ գումար են: Իսկ իրենք այդ գումարն այս պահին չունեն:

«Մենք չգիտենք` ինչ են խոսել, մեր պահանջները ընդհանրապես չեն համընկնում հանդիպման ժամանակ եղած պահանջներին: Այդ հանդիպումով նախատեսվում են նաև ավտոպարկեր ստեղծել, ինչը մենք չենք ուզում»,- ավելացրեց «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի անդամ Տիգրան Հովհաննիսյանը:

Բանախոսի կարծիքով, իրենք ներկայանալու են այլ պահանջով, որոնք միանգամայն տարբերվում են Արման Գալստյանի պահանջներից: Իսկ վերջինիս պահանջներին ծանոթացել են լրատվամիջոցների միջոցով:

ՀԿ-ի անդամ Մխիթար Օհանյանի խոսքով. «Տրանսպորտի նախարարի նպատակը մեզ` տաքսիստներիս, կռվեցնելն է: Մենք ուզում ենք լինի պետական տարածք, եթե ուզում են, որ մենք մի տեղում մնանք: Մինչև հիմա մենք ոչ մի պատասխան չունենք, յոթ տարի է պայքարում ենք»:

Yerevannews.am-ի այն հարցին, թե վերջնական ի՞նչ լուծում են տեսնում. արդյո՞ք առանձին պահանջներով են հանդես գալու իրենք և Արման Գալստյանը, Տիգրան Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո՛, քանի որ մեր պահանջները ուրիշ են, մոտ քսան կետից բաղկացած: Այս հանդիպումից հետո մենք գնալու ենք հենց նախարարին հանդիպելու»: