Այսօր՝ մայիսի 19-ին, «Ելակետ» ակումբի հյուրերն էին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական մայր թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը և հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նրանք խոսեցին թատրոնի ներկայիս վիճակի և խնդիրների մասին:

-Չեմ կարող ասել, որ մենք գոհ ենք հանդիսատեսի հաճախելիությունից,-նշեց տիկին Շահնազարյանը,- բայցամեն տարի թատրոնների վրա ծրագիր է դրվում ներկայացումների քանակի և հանդիսաատեսի թվի հետ կապված, և մենք այդ ծրագիրը կատարում ենք, այլ հարց է, թե հանդիսատեսն ինչպես է գալիս: Հանդիսատեսի թիվը բնականաբար գնալով նվազում է, և դա ըստ իս կախված է բնակչության սոցիալական վիճակի նաև գովազդի հետ: Եթե լավ գովազդ լիներ, ինչպես որ մասնավոր միջոցառումներն են գովազդվում, պատկերը հաստատ կփոխվեր, իսկ թատրոնն այդքան գովազդելու հնարավորություն չունի: Սակայն այսօր էլ ունենք ներկայացումներ, որոնք ընթանում են լեփ-լեցուն դահլիճներով:
Իսկ գուցե հանդիսատեսը հիասթափվա՞ծ է թատրոնից: Ո՞րն է հանդիսատեսի պակասի՝ թատրոնի «մեղավորության չափաբաժինը»: Այս հարցին պարոն Ծատուրյանը հումորով պատասխանեց:

-Երբ դատավորը մեղադրյալին հարցնում է, թե դուք ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք հարբած վիճակում թատրոն գնալու համար, մեղադրյալը պատասխանում է, թե այո՛, որովհետև սթափ վիճակում այդ բանը մտքով չէր անցնի: Մեր երկրում քաղաքականություն է գնում, որ Հայաստանը մնա առանց հայերի: Երբ մարդիկ չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել, էլ ի՞նչ թատրոնի մասին է խոսքը: Մեր հանդիսատեսն ասյօր գնում է այն ներկայացումներին, որտեղ կկարողանա «հըռհռա», իսկ լուրջ գործերի հանդեպ անտարբեր են:

Նելլի Շահնազարյանը անդրադարձավ նաև այն խնդրին, որ դպրոցներում այլևս արգելված է տոմսերի վաճառքը, և եթե տարիներ առաջ դպրոցում վաճառված տոմսերով թատրոն գնացող սերունդն այսօր կապված է թատրոնի հետ, ապա այսօրվա աշակերտն անմասն է մնում թատրոնին:
Եթե երեխան պետք է գնա փողոցում զբաղվի, վատ սովորություններ ձեռք բերի, որքանո՞վ է վատ, որ գա ներկայացում նայելու, մշակույթի հետ առնչվի ու զարգանա:
Պարոն Ծատուրյանն առաջարկեց հանդիսատեսին գրավելու մի քանի հետաքրքիր տարբերակներ:

-Սովետական տարիներին բոլոր ներկայացումները ավարտից հետո քննարկվում էին, և այդ քննարկումները հետաքրքրություն էին առաջացնում հանդիսատեսի մոտ:
Տիկին Շահնազարյանի խոսքով շատ կարևոր է, որ յուրաքնաչյուր ներկայացման մեջ զբաղված լինեն բոլոր դերասանները, որպեսզի երբ խնդիր առաջանա դերասանի հետ կապված, փոխարինողի հնարավորությունը լինի:
- Դերասանը չպետք է պարապ մնա, նախ «ժանգոտում են» նրա հնարավորությունները, բացի դրանցի «գործող ռումբ է ազատ դերասանը»: