Վերջին շրջանում բոլիվուդյան ֆիլմերը կամա, թե ակամա ներխուժել են մեր կյանք` իրենց պատմություններով լարված պահելով հայ հեռուստադիտողին:

Որքան էլ, որ շատերը քննադատեն դրանց բովանդակությունը, միեւնույն է հնդկական ֆիլմերի մշակույթի մեջ մի բան կա, որը համատարած վարակում է բոլորին:

Հենց այդ ամենից ելնելով էլ` հետաքրքության համար որոշեցի դիտել «Մեկ գիշերվա պատմություն» հնդկական արտադրության ֆիլմը, որն աչքովս ընկավ պատահաբար, երբ ինքս էլ փորձում էի հասկանալ` ինչ ֆիլմ կարելի է դիտել աշխատանքային օրվա ավարտից հետո:

Ֆիլմը դիտելուց առաջ, բնականաբար, կարդացի նաեւ դրա նկարագրությունը, որն անկեղծ ասած` ավելի թույլ էր գրված, քան այն իրականում կար: Դիտելու ընթացքում, նույնիսկ, ավելի համոզվեցի, որ այն կարելի է մինչեւ վերջ նայել եւ խոհուրդ տալ նաեւ մեր ընթերցողներին:

Ասել, թե սա այն ֆիլմերից է, որը կարելի է դիտել մի քանի անգամ, սուտ կլինի, բայց մեկ անգամ դիտել հաստատ արժե:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է երիտասարդ գործարար Ուրվիլի եւ գեղեցկուհի Սելինայի շուրջ:

Գործուղումներից մեկի ժամանակ Ուրվիլը ընկերոջ հետ գրազ է գալիս, որ կկարողանա գերել ցանկացած աղջկա: Այդ ժամանակ նրա տեսադաշտում հայտնվում է գեղեցկուհի Սելինան եւ երիտասարդը` մոռանալով իր ամուսնացած լինելու մասին, իր առջեւ նպատակ է դնում հմայել գեղեցկուհուն եւ նրա հետ անցկացնել մի ողջ օր: Սելինան, միանգամից, հասկանում է, որ հմայիչ երիտասարդն իրեն մոտեցել է գրազի պատճառով: Սակայն աղջիկը եւս որոշում է մտնել Ուրվիլի խաղի մեջ: Այդ ընթացքում նրանք երկուսն էլ հասկանում են, որ հրապուրված են միմյանցով, իսկ հաջորդող գիշերն անցկացնում են միասին:

Առավոտյան Սելինան անհետանում է, սակայն Ուրվիլը, նույնիսկ, տուն վերադառնալուց հետո չի կարողանում մոռանալ խորհրդավոր գեղեցկուհուն:

Շուտով երիտասարդը անսովոր պայմաններում հանդիպում է Սելինային, սակայն բացահայտում է, որ վերջինս եւս ամուսնացած է` այն էլ քաղաքի ամենաազդեցիկ գործարարներից մեկի հետ: Մինչ Սելինան ամեն կերպ փորձում է հեռու մնալ Ուրվիլից, վերջինս չի էլ,պատրաստվում հրաժարվել Սելինայից` անտեսելով սեփական կնոջն ու նրա տառապանքը:

Թե ինչ է լինում հետո, երբ Ուրվիլի կինը բացահայտում է ամուսնու դավաճանությունն ու ինչի է վերածվում երբեմնի հոգտար ամուսինը, ավելի լավ է ինքներդ տեսնեք ֆիլմը դիտելու ընթացքում:

Խոսեմ նաեւ դերասանական կազմի մասին: Ռեժիսոր Ժասմին Դուզայի ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Թանուժ Վիրվանին (Ուրվիլ), Սաննի Լեոնեն (Սելինա), Մադհուրիմա Բաներջին (Ուրվիլի կնոջ դերում) եւ այլք:

Ի դեպ, սա այն բացառիկ հնդկական ֆիլմերից է, որտեղ առկա չեն երգ ու պարեր, եւ որը տեւում է, ընդամենը, 97 րոպե (սովորաբար բոլիվուդյան ֆիլմերը գերազանցում են 2 ժամը:)): Այնպես որ` իրադարձություները սպասեցնել չեն տալիս, իսկ սցենարն էլ արհեստականորեն ձգված չէ պարերի եւ երգերի հաշվին:

Եթե հետաքրքիր հանգուցալուծումներով դրամատիկ պատմությունների սիրահար եք, ուրեմն անպայման դիտեք նաեւ այս ֆիլմը: Հուսով եմ` իմ առաջարկած այս տարբերակը ձեզ դուր կգա:

Աղբյուրը՝ News.am