Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է 4 խոշոր ` Կապսի, Վեդի, Մաստարա, Եղվարդ ջրամբարների շահագործումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանական զարգացման բանկի, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից: Երկու ջրամբարների համար շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մեկ տարուց: Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, իսկ Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ դեռևս քննարկումներ են տեղի ունենում:

«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` նկատելով, որ մասնավորապես Մաստարայի ջրանցքի կառուցումը զգալի կբարելավի Արմավիր մարզի այն տարածքների վիճակը, որտեղ ոռոգումն իրականացվում է խորքային հորերի միջոցով: