ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համայնքի զարգացման քառամյա ծրագրի կազմման ու հաստատման գործընթացին: Մասնավորապես, տրվում է քառամյա ծրագրի սահմանումը, հստակեցվում են ծրագրի հաստատման ընթացակարգերը, սահմանվում են ծրագրում պարտադիր կարգով ներառման ենթակա ուղղությունները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կողմից ամեն տարի ավագանուն ծրագրի իրականացման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մեխանիզմ է ներդրվում:

ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկացրեց, որ մինչեւ նախագծի մշակումը ուսումնասիրվել է համայնքներում ծրագրերի կազմման եւ հաստատման հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ եվրոպական երկրների փորձը: Կմշակվի նաեւ քառամյա ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույց:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առաջարկեց համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում ներառել նաեւ քառամյա ծրագրի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաեւ օրենսդրական վերջին փոփոխություններին վերաբերող թեմաներ: Նա հանձնարարեց փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն:

Կոլեգիայի քննարկմանը ներկայացվեց նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողական եւ վերահսկողական) եւ վարչական հսկողության գործընթացի կանոնակարգման մասին» վերլուծությունը: ՏԿՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Աստղիկ Այվազյանը տեղեկացրեց, որ կատարվել է օրենսդրության վերլուծություն, ուսումնասիրվել են ՏԻՄ-երում ստուգումներ եւ հսկողություն իրականացնելու գործառույթներ ունեցող տարբեր մարմինների կողմից գործընթացի իրականացման մեխանիզմները, ներկայացվել են դրանք հստակեցնելու առաջարկություններ:

Փոխվարչապետն առաջարկեց փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ նախաձեռնել ոլորտային` «Համայնքների ֆինանսիստների միավորում» եւ «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպություններում, ինչպես նաեւ Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում: «Քննարկումների արդյունքում պետք է ստեղծվի պրակտիկ նշանակություն ունեցող փաստաթուղթ, որտեղ գործող օրենսդրության վերլուծության հիման վրա բացահայտված խնդիրների համար կոնկրետ լուծումներ կառաջարկվեն»,-նշեց փոխվարչապետը: Նա առաջարկեց հաշվի առնել նաեւ միջազգային ընդունված փորձը:

Փաստաթուղթը լրամշակվելուց հետո մինչեւ տարեվերջ կներկայացվի ՀՀ կառավարություն: