Սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Ջազ Նվագախմբի մենահամերգը, որի հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռափան: Այս մասին YerevanNews.am_ի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը:

«Կատարվելու են հիմնականում իր հեղինակած ստեղծագործությունները, իր մշակած մի քանի հայտնի ջազային ստեղծագործություն` իր գործիքավորմամբ: Կլինեն նաև անակնկալներ, որոնցից չեմ ցանկանում խոսել», - նշեց նա:

Կոմպոզիտորի խոսքերով, իրենց ծանոթացրել է Մոսկվայում ապրող հայ գործարար Սամվել Ավետիսյանը, ով երիտասարդ տարիքում նվագել է շեփոր և մինչև հիմա էլ տարված է այդ գործիքով:

Նա նշեց,որ նման հյուրեր հազվադեպ են լինում և միայն նա է հրավիրված համերգին, սակայն կլինեն երաժիշտներ, ովքեր աջակցելու են համերգին: Նա նաև հույս հայտնեց, որ դահլիճը լեփ-լեցուն կլինի, քանի որ այդ օրն ունկնդրին մատուցվելու է բարձրաճաշակ երաժշտություն:
Նշենք, որ նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունը, «Շարմ» ընկերությունը, պրոդյուսեր Արթուր Ասատրյանը և այլ անձինք: