Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։

Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքապետարանից, սակայն, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նշենք, որ երեւանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին եւ 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետեւ քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ Հարցին, թե ով է եղել այդ պաշտոնյան, նա միայն պատասխանել է. «Էն որ նստած է երկար սեղանի հետեւը, մինչեւ հասնում ես իրեն, բարեւդ մոռանում ես»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):