«Հայկական ժամանակ»-ը երեկ տեղեկացրել էր, թե իշխանական կուլիսներում խոսվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր հրաժարականի մասին և անգամ նոր նախագահի անունն է արդեն շրջանառվում. թեկնածուն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:

Թերթը մեջբերում է. «Երեկ կայացած ՍԴ նիստի ժամանակ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բավականին քննադատական տոնով է խոսել Վճռաբեկ դատարանի մասին: «Այն փաստը, որ վերջին 4,5 տարվա ընթացքում ՍԴ-ն 60 գործերով կիրառված օրենսդրական դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող (խոսքը Վճռաբեկի կայացված վճիռների մասին է- խմբ), և դրանք տվյալ սուբյեկտների համար ոչ մի իրավական հետևանք չեն առաջացրել, կարող է մարդկանց մոտ արդարադատության նկատմամբ կասկած առաջացնել: Կսասանվի վստահությունը, թե ամեն ինչ կառուցվում է իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար»,- ըստ «Փաստինֆոյի», ասել է ՍԴ նախագահը: Գագիկ Հարությունյանն ասել է, թե Վճռաբեկ դատարանի կայացված վճիռներից մեկն առնվազն տարակուսելի է:

«ՍԴ նախագահի երեկվա հայտարարությունները, թերևս, հաստատում են, որ Արման Մկրտումյանի հարցը շատ լուրջ է»,-մեկնաբանել է թերթը: