Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում տեղի ունեցող «Բարեկամություն-2013» ազգային մշակույթի համաուկրաինական փառատոնի շրջանակներում ֆուտբոլային առաջնությունը վերածվել է վեճի, որը տեղի է ունեցել անմիջապես խաղադաշտում Վրաստանը ներկայացնող թիմի նախաձեռնությամբ: 

Վրաստանի և Հայաստանի միջև կիսաեզրափակիչ խաղում վրացական ակումբի խաղացողներից մեկը ստացել է կարմիր քարտ, ինչին ագրեսիվ կերպով են արձագանքել նրա խաղընկերները: Այս մասին НикВести-ին է հայտնել դեպքի ականատեսներից մեկը:
Սկզբում վրացական ակումբի ներկայացուցիչները փորձել են համոզել դատավորին, սակայն շուտով բանավոր բացատրություններից հետո անցել են ծեծկռտուքի և մի քանի հարված հասցրել գլխի հատվածում: Դաշտում հայտնվել են այլ ակումբի ներկայացուցիչներ, որոնք էմոցիոնալ կերպով սկսել են ապացուցել իրենց դիրքորոշումը նման հարցի վերաբերյալ երբեմն դիմելով նաև բռունցքների օգնությանը:
Ականատեսի խոսքերով` այդ ընդհարման ժամանակ դատավորին հաջողվել է դուրս գալ վրացական ֆուտբոլիստների շրջապատումից և փախչել:
Դրանից հետո վրացական ակումբը որակազրկվել է, իսկ առաջնությունը հաղթել է հայկական թիմը: