««Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման»,– 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին։ Վերջինս երեկ հայտարարել Է, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու Է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։ «Բավական մեծ խոչընդոտներ կան նման կարգի հանդիպումն իրականություն դարձնելու համար։ Նախ՝ կարծում եմ, Լևոն Տեր–Պետրոսյանը չի համաձայնվի հանդիպելու երկրորդ և երրորդ նախագահների հետ, քանի որ չի տեսնում, որ նրանք մտահոգ են ու պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկելու ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ Եվ հետո էլ, եթե գործող իշխանությունը պատրաստ չէ հանցագործներին պատժելու, ապա նրանք պատրաստ չեն նաև ընդհանուր հանդիպումների»,– ասել Է ՀԱԿ պատգամավորը։