Չինաստանից դեռ «չեկած» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում կմեկնի ԱՄՆ, սակայն, ինչպես ընդունված է ասել, «չերեզ Աշտարակ», պահպանելով հայաստանյան կոմպլեմենտարիզմի՝ շանհայա-արեւմտամաքսայնացման բոլոր սուբորդինացիաները։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում. «Սեպտեմբերի 29-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի համանախագահն է նա։

Հիշեցնենք, ռուսական կողմից հանձնաժողովը նախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որի կինը, ի դեպ, հայուհի է։ Սա Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու առաջին «պլենար»–հանդիպումն ու նիստն է, որն էլ, բնականաբար, կքննարկի նաեւ մեր անդամակցությանն առնչվող բավականին նուրբ հարցեր»,–գրում է «Հրապարակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):