Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության արարողությունը:

YerevanNews.am-ի տեղեկություններով եկեղեցին դեռևս երեկվանից շքեղ զարդարված է, սպիտակ, շքեղ վարդերն ու ծաղկեփնջերն ամբողջովին փոխել են եկեղեցու արտաքին տեսքը:
Գործարար պատգամավորի երեխաների մկրտությանը ներկա կլինեն իշխանական էլիտայի կարկառուն ներկայացուցիչները: Գործարարը երեխաների մկրտության խնջույքը կանցկացնի իր սեփական ռեստորանում՝ «Փարվանայում»:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը փոխել է իր քավորին և 7 երեխաների կնքահայր կդառնա ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ս. Ալեքսանյանի քավորը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբը), որին պատգամավորն անընդհատ «քավոր Հակոբ» էր ասում: Ընտանիքի քավորին փոխելու պատճառն, հավանաբար, այն է, որ Հ. Հակոբյանը այժմ մերժված է իշխանությունների կողմից: