Հնուց եկող կարծրատիպը կնոջ դերի մասին մինչև այսօր էլ մնում է մեր ենթագիտակցության մեջ: Անկասկած, իր բնությամբ կինը նախևառաջ մայր է, օջախի պահապան: Տղամարդիկ հայթայթողներ են ու զինվորներ: Կնոջ գործառույթն է` կայունացնել, պահել-պահպանել եղածն, ինչպես կա: Տղամարդկային ներուժն ուղղված է դեպի փոփոխություններն ու հեղաշրջումը: Բնության հետ դժվար է վիճել: 

Իսկապես, նշանավոր գիտական հայտնագործությունները, արվեստի գլուխգործոցները ստեղծել են տղամարդիկ: Երկրի ամենահարուստ բնակիչները կրկին տղամարդիկ են… Այնուամենայնիվ, այսօր կանայք հակադրվում են բնությանը և կոտրում կարծրատիպերը: Նրանք ավելի հաճախ են հրաժարվում միայն տանը նստելուց ու երեխաներ մեծացնելուց, չեն բավարարվում ընդամենը տղամարդուն ուղղորդող «պարանոցի» դերով, այլև ցանկանում են ստանձնել «գլուխ» լինելու պատասխանատվությունը:

Կնոջ բնությունը

Ժողովրդական իմաստությունը կնոջ բնության մասին ասում է` «Աստված չստեղծեց կնոջը տղամարդու ոտքից, որպեսզի դրանով նվաստացրած չլինի: Չստեղծեց գլխից, որպեսզի նա չգերազանցի տղամարդուն: Արարիչը կնոջը ստեղծեց կողոսկրից, (որը սերտ միացած է մյուս կողոսրկրին) որպեսզի նա հավասարության մեջ գտնվի տղամարդու հետ»:

Բացի այդ, կողոսկրը գտնվում է ձեռքի տակ: Դրանով Տերը հուշեց, որ տղամարդը պետք է պաշտպանի ու փայփայի կնոջը: Եվ վերջապես, այն գտնվում է սրտի շրջանում, իսկ դա վկայում է այն, որ կինը պետք է սիրված լինի տղամարդու կողմից»:

Անխոս, ժողովրդական իմաստությունը գեղեցիկ է բովանդակությամբ: Բայց արդյոք միշտ է այն համապատասխանում իրականությանը… Ցավոք, ոչ: Եվ դրա պատճառները բազմաթիվ են:

Ինչու՞ են կանայք ստանձնում հայթայթողի դերը

Նախ` ոչ բոլոր կանայք են ցանկանում կին մնալ, ուստի փորձում են իրենց տղամարդու դերում: Նրանք կան բոլոր ոլորտներում` բիզնեսում, գիտության մեջ, քաղաքականության մեջ, ղեկին… Լավագույն դեպքում դրա պատճառն այն է, որ որոշակի ներքին պոտենցիալ առաջ է մղվում և պահանջում իրացում: Կինը մտածում է, որ ինքն էլ արժանի է դառնալու անհատականություն, օգտակար լինել ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ, ապրել իր հետաքրքրությունների և հայացքների համաձայն:

Բայց, ինչպես ասում են, մի գդալ աղը կաթսայում կարող է քիչ լինել, իսկ ափսեի մեջ շատ է: Ուստի պետք է առաջնորդվել «ոսկեմիջինի» օրենքով: Առաջին հերթին կինը պետք է մտածի ընտանիքի, ապա` կարիերայի ու անձնական աճի մասին:

Կնոջ «առնականացման» մյուս պատճառը հաճախ կողակցի բացակայությունն է կամ էլ կողքին գտնվող այնպիսի տղամարդը, ում «անունը կա, ամանում չկա»: Տրամաբանական է, որ երբ կողակիցը չի իրականացնում պաշտպանի, հայթայթողի գործառույթները, կինն ինքն է ստանձնում այդ պարտականությունները, քանի որ ստիպված է դա անել:
Ինչ է տեղի ունենում այս դեպքում: Կինն աշխատում է, որպեսզի կերակրի ընտանիքը, բավարար ժամանակ չի տրամադրում երեխաներին, հոգնում է: Եվ գլխավորը` նման իրականությունն իր սրտով չէ, այլ պարտադրված է իրեն: Դժվար թե նա երազում էր այս մասին: Արդյունքում կինը դադարում է ապրել իր ընտանիքով, անձնական կյանքով. նա տարված է աշխատանքով, կարիերայով: Բոլորին ասում է, որ ժամանակը չի հերիքում, շնչելու ժամանակ չկա, ժամանակ չկա «կին լինելու» համար:
Իսկ երբ տուն է վերադառնում, հանում է բիզնես-լեդիի դիմակն ու ցածր լալիս: Այո, նա ունի սիրո, հոգածության, աջակցության կարիք, բայց այդ ամենին պարզապես էլ չի հավատում:
Ընտանիք, թե կարիերա. ինչպես կատարել ճիշտ ընտրություն

Կանայք, ինչպես տղամարդիկ, տարբեր են: Ոմանք երազում են հաջող ամուսնանալ, երեխաներ ունենալ և երջանիկ են զգում մոր, քնքուշ կնոջ ու օջախի պահապանի դերում: Մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց աշխատանքի, առաջընթացի կարիերայում, առանց հասարակական գործունեության… Բայց և առաջինները, և երկրորդներն ունեն իրավունք` լինելու երջանիկ:

Կանանց խորհուրդ է տրվում բացարձակ անկեղծ պատասխանել մի շատ կարևոր հարցի` «Դուք ձեզ երջանիկ զգու՞մ եք»: Եթե պատասխանը դրական է, ուրեմն` ձեր կատարած ընտրությունը ճիշտ է` լինի ընտանիք, թե կարիերա: Իսկ միգուցե կարողանում եք հաջող համատեղել և այն, և այն` հաճույք ստանալով կյանքի հագեցած ու ակտիվ ռիթմից:

Սխալ ընտրության հետևանքները

Եթե կարիերան կարևորագույն տեղ է գրավում ձեր կյանքում, ամենայն հավանականությամբ դուք բազմաթիվ ընտանեկան խնդիրների կբախվեք: Ի հայտ է գալիս փոխըմբռնման բացակայություն ամուսնու, երեխաների կողմից, մեղադրանքներ, կոնֆլիկտներ… Իսկ երբ գիտակցեք ձեր թերացումը, դժվար կլինի ուղղել սխալների արդեն ամբողջ շարքը, որոնց սերմը հենց դուք եք դրել:

Եթե «տանե կին» եք, կրկին պետք է խորը մտածեք: Տղամարդկանց հետաքրքրում են կանայք, ովքեր զբաղվում են էլի ինչ-որ բանով` բացի տունն ու երեխաները: Ձեզ համար ինչ-որ հոբբի, զբաղմունք գտեք: Չէ որ ոչ այդքան բարդ, հոգեհարազատ աշխատանքը կարելի է համատեղել կնոջ պարտականությունների հետ: Ձեզ, անշուշտ, հաճելի կլինի ամուսնուն ու երեխաներին պատմել ձեր դրական արդյունքների և ձեռքբերումների մասին:

Շատ ավելի բարդ վիճակ է բաժին ընկնում այն կանանց, ովքեր երջանիկ կլինեին` նստելով տանն ու երեխաներով զբաղվելով, բայց ամուսինն իրեն չի արդարացնում: Եվ նրանք ստիպված են և աշխատել ընտանիքի ապրուստը հայթայթելու համար, և հասցնել տան գործերը: Իսկ դա, իհարկե, շատ դժվար է:

Ամենակարևորը ինքդ քեզնից «գլուխ հանելն է», հասկանալը` որն է ձեզ համար ավելի կարևոր` կարիերան, թե ընտանիքը:


kiss.am