Թուրքերը պատրաստվում են «խեղդել» 1915 թվականին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հայերի նկատմամբ իրենց հոլոքոստի 100 ամյակը այդ նույն թվականին Գալիփոլիում դաշնակիցների նկատմամբ տարած հաղթանակի միջոցառումներով: Սակայն յուրաքանչյուր տարի նոր ապացույցներ են բացահայտվում Արևմտյան բնակիչների վկայություններից այն դեպքի վերաբերյալ, որ Թուրքիան պաշտոնապես շարունակում է մերժել և այն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Այս մասին գրում է անգլիական Independent պարբերականը: 
Խոսքը գնում է 1914-1918 թվականների բրիտանական բանակի բժիշկ Ալեք Գլենի հուշերի մասին,որը գրվել է իր որդու համար, սակայն այնուհետև հրապարակվել վերջինիս ընտանիքի կողմից, որը վկայում է հայերի հոգեվարքի մասին:
«Առաջին գծում. Մի բժիշկ խաղաղության և պատերազմի ժամանակ» վերնագրով գրքում Գլենի հուշագրերի մեջ նշված է Կովկասի հայերի ճակատագրի մասին, երբ թուրքերը փորձում էին տարածել իրենց պան-թուրքական իշխանությունը դեպի արևելք 1918 թվականին՝ մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունից երեք տարի անց: Շարժվելով հյույիս-արևմտյան Իրանի միջով դեպի Բաքու Գլենը գրում է, թե ինչպես էին բրիտանական զորքերը ամեն օր հանդիպում հայ աքսորականների հետ:
«Դա ողբերգական տեսարան էր: Մենք անցնում էինք մահացող կամ արդեն մահացած կամ շների և շակալների կողմից հոշոտված մարդկանց մոտից: Սալիսբուրի Գրեյգը(բրիտանացի բժիշկ) պատմել է ինձ հետագայում, որ ճանապարհին հանդիպել է մի ծեր փախստականի, ով իր թանկարժեք կաշվե գոտին հանձնել է իրեն՝ խնդրելով այն վաճառել այլ փախստականների կյանքը փրկելու համար»,- նշված է գրքի մեջ: