Մաքսային միությանը միանալու մասին խոսակցությունները չեն դադարում, և այն ունի իր պատճառները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նման տեսակետ արտահայտեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը և նշեց դրա պատճառները:

«ՀՀ նախագահը դեռ չի կարողացել բացատրել այս որոշման էությունը և դրա հետ մեկտեղ Ռուսաստանն էլ չի բացատրում, թե Հայաստանը երբ կարող է անդամակցել այս միությանը և երրորդ Հայաստանում դեռ շատերը չգիտեն այս հանգամանքի պատճառների մասին», - նշեց նա:
Քաղաքագետի խոսքերով, ինչպես Բելառուսիան, այնպես էլ Ղազախստանը, այնքան էլ հակված չեն Հայաստանին ընդունել Մաքսյաին միության շարքերը:
«Մենք բոլորս տեսանք, որ ՀՀ նախագահն ու վարչապետը ուրախ ու երջանիկ էին եվրոբոնդերի համար, սակայն այն կարող է ունենալ բացասական ազդեցություն տնտեսության վրա, քանի որ այն ներդրողները, ովքեր այդ եվրոբոնդերը տվեցին, այն հույսն ունեին, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Դրա պատճառն այն է, որ ներդրողները ցանկանում են կապեր հաստատել ավելի եվրոպական կողմնորոշում ունեցող երկրների հետ», - պարզաբանեց նա:
Նա նաև նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպումն ուղղված էր նրան, որ Հայաստանն ավելի շատ ոչ ասի Եվրոպական միությանը, այլ ոչ թե այո ասի Մաքսային միությանը: Քաղաքագետի խոսքերով, ՌԴ-ի համար դա ավելի ձեռնտու էր:
Քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ սիրող մարդ է, բանախոսը գերադասեց այս ամենին անդրադառնալ նաև շախմատային լեկսիկոնի միջոցով:
«Հայաստանը շախմատի տախտակի վրա զոհաբերված զինվոր էր: Եվ նա դեռ զինվոր է, այլ ոչ թե ձի, կամ ավելի կարևոր դիրք գրավող խաղաքար», - նշեց նա:
Մաքսային միությանը միանալուց հետո, Ռ. Գիրագոսյանի խոսքերով, Հայաստանի տնտեսությունը պատանդ կդառնա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի տնտեսությունների համար: