Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Սիրինա Առաքելյանը խոսեցին հայերիս համար անսովոր թեմայից՝ բազմակնությունից:
«Հարցը բավականին կնճռոտ է և սվիններով է ընդունվում, գենոֆոնդի պահպանմանը լուծում տալ միայն բազմակնության ճանապարհով` սա ճիշտ չէ: Մենք ունենք արտագաղթ, ունենք ծնելիության խնդիր, բայց բազմակնության ճանապարհով այս խնդիրը չի լուծվի»,-նկատեց սեքսոպաթոլոգը:
Շահրամանյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը բավականին բարդ անդրադարձ է ունենում նաև երեխայի՝ որպես անձ ձևավորման վրա:
Սեքսոպաթոլոգի գնահատմամբ` խնդիրը միայն արտագաղթի մեջ չէ, կա նաև անպտղության հարցը: «Այսօր տղամարդու և կնոջ անպտղության հարաբերակցությունը գրեթե հավասար է, իսկ անպտղության բուժումը բավականին թանկ հաճույք է: Մեծ խնդիր է նաև ամուսնալուծությունների թվի աճը»,-պարզաբանեց սեքսոպաթոլոգը:
Հոգեբանական տեսանկյունից նույնպես բազմակնությունը չի խրախուսվում: Հոգեբան Սիրենիկ Առաքելյանը այս հարցը դիտարկում է զուտ ազգային մտածելակերպի և մշակութային արժեհամակարգի տեսանկյունից: Ըստ նրա՝ արևելյան ազգերի այս սովորույթը հնարավոր չէ տեղայնացնել Հայաստանում:
«Վերցնել բավականին հին մշակույթի մոդել և մտցնել Հայաստանի հասարակության մեջ, դա արդեն լուրջ խնդիր է: Հայ կնոջ հոգեբանության համար դա դժվար թե հեշտ տեղայնացվի: Քանի որ հայ կինն անհատ է, սովորական երեխա ծնող էակ չէ, ուղղակի վերարտադրության օբյեկտ չէ: Նա ցանկանում է իրեն սիրված կին զգալ, ապրել ներդաշնակ ընտանիքում»,-նշեց հոգեբանը:
Հոգեբանի դիտարկմամբ` ապօրինի ծնված երեխաների առկայությունն այլ հարց է, քանի որ այստեղ կա մի հարկի տակ ապրելու խնդիրը:

«Հայ կանայք հաստատ պատրաստ չեն սրան, քանի որ հայ կանանցից շատերը նույնիսկ սկեսուրի կամ ամուսնու եղբոր կնոջ հետ չեն կարողանում ապրել, ուր մնաց ամուսնու երկրորդ կամ երրորդ կնոջ հետ»,- հավելեց Առաքելյանը: