Օրերս ՄԵԼ-ը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում հայտնվել է նոր կրոնական կազմակերպություն` Մշակութային լիգա անվանմամբ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, կրոնական այս կազմակերպությունը հակաքրիստոնեական է, և բոլոր աղանդավորագետներն այն համարում են ամենավտանգավորը:

«Մշակութային լիգայի հիմնադիրն է նկարիչ Նիկոլայ Ռելիխը, և Հայաստանում այն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում դպրոցներում` մասնավորապես Պռոշյան գյուղի դպրոցում և Երևանի դպրոցներում: Նրանք քարոզում են, որ քրիստոնեւթյունը սուտ ուսմունք է և ստեղծվել է սատանաների կողմից»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը` հավելելով, որ կրոնական կազմակերպությունն ունի մարդկանց մեծ թիվ, և այն գնալով շատանում է:

ՄԵԼ համանախագահը նաև հայտնեց, որ Մշակութային լիգան խմբեր ունի և սոցցանցերում, և այն հանգիստ մտնում է դպրոցներ, քանի որ իր անունը կասկածի տեղիք չի տալիս:

«Մեզ այս հարցով ահազանգել է Պռոշյանի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, և մենք դիմել ենք նաև Մայր Աթոռ, հիմա սպասում ենք պատասխանին: Պատրաստվում ենք նաև ԿԳՆ դիմել, չնայած, որ արդեն բոլորին հայտնի է, սակայն ԿԳՆ-ի կողմից ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել»,- նշեց Հովհաննիսյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ իրենց ձեռքի տակ կան տեսանյութեր և այլ փաստեր, որոնք հավաքագրելուց հետո, որպես ապացույց, կհրապարակեն: