Օրեր առաջ Երեւանում փակվել են միանգամից մի քանի «Սթար» սուպերմարկետներ, մասնավորապես՝ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վարչական շրջանի շուկայի հարեւանությամբ, Ազատության պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետները:

«Սթար»-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկացել է, ինչի պատճառով էլ սուպերմարկետները փակվում են:

Ուշագրավ է, որ «Սթար» սուպերմարկետների փակմանը զուգահեռ՝ մեկը մյուսի հետեւից բացվում են նոր «Երեւան Սիթի»-ներ, որոնք, ինչպես հայտնի է, պատկանում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Նոր «Սիթի» է բացվել Նոր Նորքում, բացվեց «Փակ Շուկա-Երեւան Սիթի»-ն, մամուլում գրվեց, որ Արեշ թաղամասի շուկան եւս շուտով կդառնա «Երեւան Սիթի»:

Օրերս էլ «Դալմա գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում բացվեց նոր՝ «Գուռման» սուպերմարկետը, որը նույնպես պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Փաստորեն այս ոլորտը եւս օլիգարխ-պատգամավորը հավակնում է մենաշնորհել»,- գրում է «Ժամանակը»:

(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):