ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ` Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված Երևանի կենտրոնում տեղի ունեցող դեպքերը կարելի է անվանել և սկանդալ, և շոու, և հեղափոխություն: Նրա կարծիքով, մարդիկ հիմա ստիպված են հայտարարել, թե ով ով է, այսինքն` ով ինչ դիրքորոշում ունի:
«Ես սա կբնորոշեմ մի նախադասությամբ` ի՞նչ անել, և ո՞վ է մեղավոր: Մենք արդեն գիտենք` ինչ անել, և գիտենք` ով է մեղավոր: Շանթը միշտ էլ պատրաստ է եղել հեղափոխության: Սակայն սա հեղափոխություն չի, պարզապես ասում ենք նրա օգտագործած տերմինը: Շանթը շուտ սկսեց, դրա համար էլ ես նրա կողքին չէի: Երևի թույլ ներվեր ուներ, շտապեց»,- գնահատեց Արշակյանը` կարծիք հայտնելով, որ սկսվել է ազգային ազատագրական շարժում, և նրա ողջ արարքը պետք է տեղադրել դրա մեջ` նրա լեզվամտածողությունը, որը հատուկ է խրամատին, այսինքն, Արշակյանի դիտարկմամբ, մարտիկները չեն խոսում բանասիրական լեզվով, եթե մարդը դուրս է եկել մի հզոր գերտերության դեմ` միայնակ, իր անչափահաս երեխայի հետ, հետևաբար նա ամեն ինչ կարող էր ասել, և որոշ բաներ ասել էր:

«Շանթը համոզմունքների գեներատոր է: Չեմ կարծում, որ նա արժանապատվությունից ցածր կհամարեր որևէ մեկի ծրագրին միանալը, կամ դառնալ ` որևէ մեկի կամակատարը: Նա այնքան շատ մտահղացումներ ունի, որ դրանք էլ չէր կարող իրականացնել: Նրան իրավիճակն է դրդել. Մաքսային միություն` Սովետական միության վերականգնման նշանները, Եվրոպային երկրորդ անգամ Հայաստանից վտարելը` ռուսները վտարեցին երկրորդ անգամ Հայաստանից: Շանթը դրոշ է բարձրացրել»,- համոզմունք հայտնեց Արշակյանը:

Նրա գնահատմամբ`կոնվենցիայից դուրս է, Երևանի կենտրոնը խրամատ հայտարարելը:

«Կոնվենցիայից դուրս է նաև մեր քաղաքական գործիչների վարքագիծը` կենտ օրերին եվրոպացի են, զույգ օրերին` եվրասիացի, բա դրանց վարքագի՞ծը` առավոտը կիթառ են նվագում, երեկոյան` բալալայկա. այս վիճակում ի՞նչ կոնվենցիա»,- հավելեց Ազատ Արշակյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում բացի 100-150 դրամ, Մաշտոցի պուրակ, Կոմիտաս` ապօրինի շինարարություններ, օֆշորներ և այլն, շատ մեծ տեղ կզբաղեցնի ազգային ազատագրական պայքարը, այսինքն` վերադֆարձ կլինի 80-ականների սկիզբ, և, նրա հավաստմամբ` Շանթ Հարությունյանը սկիզբն է: