ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ստուգումներ լինելու՞ են բյուջեի եկամուտների մասով, որովհետև, Զուրաբյանի խոսքերով, բյուջեի թալանը շատ հաճախ իրականացվում է մինչև բյուջեի հավաքագրումը: 

Զուրաբյանը մտահոգված է,թե ՎՊ-ն կրկին կանի՞ նման բացահայտումներ, թե՞ արդեն հաջողվել է Իշխան Զաքարյանի վրա ազդել:

«Հայտնի խորհրդակցության ժամանակ Դուք դատապարտվեցիք Ձեր արած բացահայտումների համար: Ի՞նչ երաշխիք կա, որ կլինեն նման բացահայտումներ. օրինակ` պատրաստվու՞մ եք ստուգել այնպիսի օլիգարխների օբյեկտներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Բարսեղ Բեգլարյանը, որովհետև նրանք են, որ հարկերից խուսափում են»,- հարցրեց Զուրաբյանը:

Իշխան Զաքարյանն էլ նշեց, որ ՎՊ-ն չի կարող ստուգել միայն բյուջեի եկամուտների մասը: «Իսկ մասնավոր հատվածի մոտ ստուգումներն արվում են այնքանով, որքանով դա կարող է առնչվել բյուջեին, ինչքան մեր օրենքը թույլ տա, մենք կանդրադառնանք»: