«Հայաստանը սրընթաց գնում է դեպի Մաքսային միություն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դրանից հետո մտնելու է նոր ստեղծվելիք արժույթային գոտի, պայմանականորեն ասած՝ ոուբլու գոտի։ Երեկ ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակը» հարց ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում արդյո՞ք նախատեսված է, թե այդ դեպքում ինչ է լինելու մեր կուտակած կենսաթոշակների հետ, ինչպես են դրանք վերահաշվարկվելու, ո՞ր արժույթն է հիմք ընդունվելու վերահաշվարկների ժամանակ և այլն։

Այս հարցը զարմացրեց Վաչե Գաբրիելյանին։ «Ճիշտն ասած ինձ համար խիստ հետաքրքիր Է այն պնդումը, որ դուք անում եք, թե Հայաստանը ի վերջո փոխելու է իր արժույթը, որտեղից է գալիս... Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը։ Դա ձեր էքստրապոլյացիան է»,– ասաց Գաբրիելյանը։ Ճիշտն ասած, Վաչե Գաբրիելյանի զարմանքը ավելի զարմանալի է։ Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Մաքսային միության անդամ երկրները վաղ թե ուշ պետք է անցնեն միասնական արժույթի։ Նույնիսկ նշվում է տարեթիվ` 2020 թվական...

«Իսկ եթե մեկ տարի առաջ մենք որևէ հարց տալիս դիտարկում անեինք, որ 2013 թվականի սեպտեմբերին կհայտարարվի Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին, դուք նույն կերպ կզարմանայի՞ք»,-մեր այս հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Մենք միասին զարմանալու դեռ շատ առիթներ կունենանք»»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։