Կնոջ գեղեցկությունը բոլոր ժամանակներում էլ գնահատվել է: Միայն թե չափանիշներն են փոխվել: Ամեն ժողովուրդ ունեցել է և ունի գրավչության իր իդեալը: Եվ կանայք ամեն կերպ ձգտում են համապատասխանել դրան:

Հին Եգիպտոսում գեղեցկության իդեալ էր համարվում մեծ կանաչ աչքերով և հաստ շրթունքներով սլացիկ կինը: Ուստի աչքերի բիբերը մեծացնելու համար եգիպտուհիներն աչքերին էին կաթեցնում բելլադոնա բույսի հյութը: Ինչպես նաև աչքերին կանաչ ներկ էին քսում: Կերպարն ամբողջականացնելու համար նրանք կանաչ էին ներկում ոչ միայն եղունգները, այլև ոտնաթաթերը:

Մայա ցեղի կանայք մարմինը պատում էին կարմիր գույնի քսուքով, ներկում էին դեմքը խիստ անհատական նախշերով:

Հին Չինաստանում գեղեցկության իդեալ էր համարվում փոքրիկ ոտքերով փոքրամարմին ու նրբիկ կինը: Ոչ մի իրեն հարգող տղամարդ չէր ամուսնանում մեծ ոտքերով կանանց հետ: Ուստի որպեսզի ոտքերը չմեծանան, փոքրիկ աղջիկների ոտքերն ամուր փաթաթում էին բինտով:

Հին հույների մոտ գնահատվում էր մարզված մարմինը, որի չափանիշն էր Աֆրոդիտեի քանդակը: Իսկ գեղեցիկ էր համարվում մեծ աչքերով և ուղիղ քթով դեմքը:

Հին Հռոմում գեղեցկության չափանիշ էին համարվում բաց մաշկն ու շեկ մազերը: Մազերի գունաթափման առաջին գաղտնիքները պատկանում են հենց հռոմեացի կանանց: Մազերը գունաթափելու համար նրանք մազերին այծի կաթ էին քսում և գունաթափում արևի տակ:

Միջնադարում գեղեցկությունը մեղք էր համարվում: Բնությունից տրված գեղեցկությունը թաքցնում էին հաստ կտորների տակ, իսկ գլխին գլխաշոր էին կապում: Միջնադարյան կնոջ բնորոշ հատկանիշներն էին երկարավուն դեմքը, փոքրիկ բերանն ու հսկայական աչքերը:

XIII դարի սկզբին գեղեցիկ սեռին համեմատում էին վարդի հետ: Գնահատվում էր քնքշությունը և փոքր կուրծքը:

Դեմքի գունատ գույնը գեղեցիկ էր համարվում Վերածննդի ժամանակաշրջանում: Գնահատվում էր նաև բարձր ճակատն ու երկար պարանոցը: Կանայք դիմացից սափրում էին մազերն ու գրեթե հրաժարվում հոնքերից:

Ռոկոկոյի դարաշրջանը վստահորեն կարելի է անվանել վարսահարդարման արվեստի ժամանակաշրջան: Թանկ սանրվածքը երկար պահպանելու համար կանայք շաբաթներով չէին լվանում մազերն ու չէին սանրում դրանք:

Ինչպես տեսնում ենք` կյանքը փոխվում է, բայց գեղեցկությունը, ինչպիսին էլ այն լինի, միշտ գնահատվում է: Հատկապես երբ այն համադրված է խելքի, էներգիայի և փող վաստակելու կարողության հետ (ինչպես ներկայում է):

 

Աղբյուրը` Mari Love