ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 5-ին հարցապնդում է ուղարկել ՀՀ կառավարությանը «Համակարգային կոռուպցիան Հայաստանում» անվամբ: Նշելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց հարցապնդման էությունը:

Նախ պատգամավորը նշեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը կարող է տարվա մեջ մեկ անգամ գրավոր հարցապնդում ուղարկել կառավարությանը, որին վերջինս 20 օրվա ժամկետում պետք է պատասխանի, իսկ դեկտեմբերի 3-ին էլ այն արդեն կքննարկվի լիագումար նիստում: Զուրաբյանը նշեց, որ այդ հարցադրումն այսօր կհրապարակվի ամբողջությամբ, իսկ մինչ այդ նա ներկայացրեց մի քանի փաստեր:

«Նախ մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է, կազմում է մի բուրգ, որի գագաթը պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: Մենք անուններ նույնպես տվել ենք: Մենք փորձել ենք հավաքել այն ակնայտ փաստերը, որոնք այդպես էլ երբևէ պատասխան չեն տվել, հիմա իրենք պարտավոր են այդ հարցերի վերաբերյալ պատասխան տալ», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև օֆշորային սկանդալի հետ կապված հարցապնդումը և նշեց, որ այդ ամենից ակնհայտորեն շահել է հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արդեն պարզ է, որ վարչապետը շահել է 1 միլլիոն 667 հազար ամերիկյան դոլար: Արդեն կես տարի է վարչապետը չի կարողանում փաստերով ապացուցել, որ ինքը խառնված չէ սկանդալային մի հարցի, որից ինքն էլ մեծ օգուտներ է ունեցել», - նշեց նա: