Վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը բավականին խարխուլ վիճակում են հայտնվել թե ռազմաքաղաքական, թե տնտեսական, ինչը կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ, որոնք որևէ կերպ չհամապատասխանեցին Թուրքիայի շահերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա դիտարկմամբ` սա թուրքական իշխանությունների համար խիստ մտահոգվելու առիթ էր:

«Այս համատեքստում սկիզբ եղավ այն խոսակցություններին, թե Թուրքիան պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նածխաձեռնության կենդանացմանը: Սա մենք կարող ենք կապել երկու գործոնով. գլխավորը մոտեցող 2015 թվականն է, որի հետ կապված Թուրքիան մեծ մտավախություններ ունի, մյուս գործոնն էլ` Թուրքիայի ազդեցության նվազումն է տարածաշրջանում: Թուրքիան չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր վարկանիշը կտրուկ իջել է»,- հավելեց թուրքագետը:

Նրա խոսքերով` Ղարաբաղի խնդիրը բոլորի համար, այդ թվում` գերտերությունների դարձել է թեմա, որի միջոցով ամեն մեկն իր շահերն է փորձում առաջ տանել:
«Այսինքն` թուրքական կառավարությունը փորձում է նույն բանն անել, ինչ արեց տարիներ առաջ, խոսքս 2008 թ.- մասին է: Նույն սցենարն է, նույն խաղացողներն են, ոչ մի տարբերություն չկա: Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, լրատվամիջոցները միշտ ցանկացած նման հանդիպում ինչ որ քայլ են որակավորում, իսկ այս համատեքստում տալիս են պատմական հանդիպում անվանումը, պատմական ուղերձ Դավութօղլուի հայտարարությունները, այսինքն` մեկ քայլ առաջ դեպի հարաբերությունների կարգավորումը»,- նշեց թուրքագետը:

Շարունակելով խոսքը` Իսպիրյանը նշեց, որ Դավութօղլուն հնարավոր է` այցելի Հայաստան: Նա փոխանցեց, որ Դավութօղլուին հարց էին ուղղել, որ հնարավոր է` հարաբերությունների կարգավորման համար այցելի Հայաստան և Հայաստանցի հրավեր է ստացել, ինչ է նախատեսում, իսկ նա ինչպես միշտ երևակայությունների շարք է թվարկել` այսինքն` «ես շատ եմ ուզում` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվի, շատ եմ ուզում Կովկասում խաղաղություն լինի, այսինքն` կրկին որևէ կոնկրետ բան չասաց, ցանկություններ, երևակայություններ: