«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բաց նամակում ասվում է.

«Ինչպես հայտնի է, հանրապետական նշանակության մշակույթի հուշարձան ճանաչված «Ծածկած շուկայի» սեփականատերը մասամբ քանդել ու ամբողջովին ձեւափոխել է այն, ինչպես նաեւ նրան կցակառուցել է մեկ այլ շինություն եւ այդ ամբողջ համալիրը վերածել է բազմահարկ սուպերմարկետի:

Թեպետ ձեր գործառույթների բերմամբ ձեզ պետք է հաստատապես հայտնի լինի, սակայն մեր կողմից լրացուցիչ կերպով տեղեկացնում ենք, որ «Ծածկած շուկայի» շենքը մինչ վնասումն ու ձեւափոխումը որակվել է որպես 3-րդ կարգի վթարային, որից հետո վերակառուցվել է ապօրինի կերպով` առանց պատշաճ թույլտվությունների ու համաձայնեցված նախագծերի եւ, բնականաբար, առանց այդ չափազանց բարդ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողության, ինչի հետեւանքով չկա որեւէ երաշխիք, որ այն, լինելով հանրային սպասարկման օբյեկտ, ապահովված է սեյսմիկ վտանգներից: Սակայն, այս ամենով հանդերձ, այն ս.թ. սեպտեմբերի 7-ից առանց ավարտական ակտի սկսել է շահագործվել: Այս բոլոր հանգամանքները հիմնավոր կասկածներ են առաջացնում նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ:

Տեղեկացնում ենք նաեւ, որ շինարարության ընթացքի նկատմամբ որոշ մասնագետներ անցկացրել են հասարակական ու անհատական մոնիթորինգ, որի արդյունքները (կից ներկայացնում ենք դրանցից մեկը https://www.youtube.com/watch?v=pAiMXZ67X6E) հաստատում են նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածները:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը ծավալել է համապատասխան հասարակական գործընթացներ, ինչպես նաեւ պատրաստվում է օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` այս ապօրինության գործընթացը դադարեցնելու, մեղավորներին պատժելու եւ հուշարձանը վերականգելու նպատակով:

Սակայն, ինչպես հայտնի է, օբյեկտիվ պատճառներով դատական գործընթացները կարող են տեւել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված:

Վերոգրյալի հաշվառմամբ եւ, հատկապես` հիմք ընդունելով վերը նշված հիմնավոր կասկածները, ձեզ ահազանգում եւ զգուշացնում ենք, որ դիտարկվող համալիրի` որպես հասարակական առեւտրի օբյեկտի, շահագործումը ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող եւ առեւտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը: Նման դեպք օրերս տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որտեղ սուպերմարկետի փլուզման հետեւանքով մահացավ ավելի քան 50 մարդ, ինչին հետեւեց վարչապետի հրաժարականը:

Ուստի պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դիտարկվող համալիրի հետագա շահագործումը դադարեցնելու եւ այն սեյսմիկ, հակահրդեհային ու օրենքով սահմանված այլ անհրաժեշտ առումներով ստուգումների ու փորձաքննությունների ենթարկելու ուղղությամբ: Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում հասարակական հիմունքներով տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն»: