ԱԺ-ում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև:

Նշենք, որ քննարկման էր դրվել ՀԱԿ-ի կողմից առաջադրված հարցապնդումը կոռուպցիայի վերացման վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված նախագծին:
«Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլավոր չարիքն է, դե ուրեմն եկեք միասին քայլ անենք այդ չարիքի ուղղությամբ: Եկեք ուղարկենք այս փաստերը դատախազություն, կառավարությանը հանձնարարենք իրականացնել անհետաձգելի փաթեթ: Եթե դուք չեք անում քայլեր, դառնում եք կոռուպցիայի պաշտպան»,- հայտարարեց Զուրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե դուք խնդիրներ ունեք, ձեր մեջ լուծեք, մենք դեմ ենք քվեարկելու,անհեթեթություներին չենք կարող կողմ քվեարկել»:
Քննարկմանը միացավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Հարգելի փոքրամասնության մի հատված, երևում է, որ կարդացել եք, բայց ոնց-որ լավ չեք հասկացել»,- ասաց նա:
Սա դուր չեկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով տեղից գոռալով ասաց, որ դա բովանդակային քննարկում է, և սխալ է, որ Շարմազանովն էլ դրան մասնակցի:

Շարմազանովը, սակայն, շարունակեց իր խոսքը` ասելով, որ կոռուպցիան պրոբլեմ է, աղբ է, բայց աստիճանաբար իշխանությունները պայքարում են դրա դեմ:
Նկատենք, որ Էդուարդ Շարմազանովը աընդհատ սաստում էր Նիկոլ Փաշինյանին և շարունակում իր բարձր տոնով ելույթը: նա այնքան էր ոգևորվել, որ մատ էր թափ տալիս Փաշինյանի վրա:
Հերմինե Նաղդալյանը ի վերջո ուսուցչուհուն բնորոշ տոնով սաստեց` ասելով. «Բավական է սրա վերաբերյալ բանավիճել»:

Ի վերջո, նախագծի քվեարկությանը դեմ քվեարկեցին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը, քանի որ նախագծում որոշ բաներ իրենց համար անընդունելի են, սակայն իրենց նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել ՀԱԿ-ի հետ` համագործակցելու նախագծի շուրջ: