ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ նախորդ հինգշաբթի Կառավարության շենքի մոտ «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ի աշխատակիցների անցկացրած բողոքի ակցիային: Նա ընդգծեց, որ խնդրին անդրադառնում է, քանի որ աշխատողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Վարչապետը նշեց, որ բողոքները, որ ստացվում են «Ոսկու շուկայի» աշխատողներից ու այնտեղի հաճախորդներից բազմազան են՝ սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային վիճակից, սանիտարական վիճակից:

«Հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր ու դրանց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ լուրջ կասկածներ կան: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև ոսկու շուկայում աշխատում է 7 հազար մարդ»,-նշեց նա՝ հանձնարարելով Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչություններին ու գործակալություններին և ՊԵԿ-ին համատեղ ծրագրով ստուգումներ սկսել:

 Նա նաև խոստացավ բոլոր բացահայտումների ու ռիսկերի մասին տեղյակ պահել հանրությանը: