Ուկրաինայում արձանագրվել է ցույցերի առաջին զոհը: Կիևի Նեզալեժնոստի հրապարակի մոտ գտնվող «Ուկրաինա» հյուրանոցի մոտ գտնվող «Գլոբուս» առևտրի կենտրոնի տանիքի վրա մահացել է տարեց մարդ: Այս մասին հաղորդում է ուկրաինական հինգերորդ ալիքը:
Կիևի գլխավոր հրապարակում բողոքի ցույցի մասնակիցների վրանային ճամբարի հերթապահին անհայտ անձինք հայտնել են, որ մոտակայքում պառկած է մի մարդ, որը իրեն վատ է զգում: Նրան մոտեցել են ճամբարի բնակիչները՝ միաժամանակ շտապ օգնություն կանչելով, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները միայն արձանագրել են տղամարդու մահը:
Ականատեսների խոսքերով այն վայրում, որտեղ պառկած է եղել մարմինը, կան արյան հետքեր, հնարավոր է տղամարդու մոտ եղել է գանգուղեղային վնասվածք:
Ականատեսներից մեկն էլ պատմել է, որ դեպքի վայրից քիչ հեռու կանգնած է եղել մի ավտոմեքենա, որը սկսվել է շարժվել՝ հենց նկատել է, որ մահացածին են մոտենում ցույցի մասնակիցները:
Միաժամանակ «Բատկիվշինա» կուսակցությունը հրապարակել է ցույցերի գործողությունների պլանը, որտեղ որպես գլխավոր նպատակներ նշված են կառավարության հրաժարականը, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, քրեական գործ հարուցել ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի դեմ և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում:
Դրան զուգահեռ շարունակվում են ցույցերը: Ցուցարարների մի մասը ցանկացել է մոտենալ նախագահի նստավայր, սակայն Բանկովոյ փողոցում նրանց ճանապարհը փակել են ներքին գործերի նախարարության զինվորները:

Դրան զուգահեռ միջազգային հանրությունը շարունակում է մեղադրել Վիկտոր Յանուկովիչին և ուկրաինական իշխանություններին ցուցարարների ազատությունը սահմանափակելու, չափից դուրս ուժ օգտագործելու մեջ:
Այսպես Ամերիկայի սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարության գործողությունները եվրաինտեգրացիայի համար պայքարող զանգվածային գործողությունների ժամանակ խախտում են քաղաքացիների՝ ազատ հանրահավքների և ազատ արտահայտման իրավունքը:

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը ուրբաթ օրը այցելել է Կիևի Անկախության հրապարակ, որտեղ շարունակվում է ընդդիմության ցույցերը:
Ավելի վաղ Բերդը, ելույթ ունենալով Կիևում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդի նիստի ժամանակ քննադատել էր Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ ուժի օգտագործումը և կոչ էր արել իշխանություններին լսել ժողովրդի ձայնը:

Նախօրեին «Եվրամայդան» էր այցելել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդիպում է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ապահովել քաղաքացիների՝ խաղաղ հանրահավաքների իրավունքը և խուսափել յուրաքանչյուր տեսակի ուժի գործադրումից: