ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում պատասխանեց լրագրողի այն հարցին, թե իշխանությունը խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի և ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, միշտ ասում է, որ դեռ 2010-ին, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, կողմ է եղել այդ օրենքին, ապա ինչո՞ւ է հիմա դեմ:

«Կոալիցիոն խաղի կանոններ կան: Մենք` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, հստակ արտահայտել ենք, որ մենք դեմ ենք կուտակային բաղադրիչին, թեև գաղափարին կողմ ենք եղել: Եվ հետո այն ժամանակ, երբ քննարկվում էր ռեֆորմը` 2007-2008թթ., մենք նախատեսում էինք, որ այս ընթացքում տնտեսական աճ կլինի, տնտեսությունը կզարգանա, արժեթղթերի շուկան կզարգանա, և օրենքը առանց լուրջ խնդիրների կկիրառվի, բայց մենք չէինք կարող ենթադրել, որ տնտեսական աճ չի լինի, տնտեսությունը վատ վիճակում կլինի», - պարզաբանեց պատգամավորը, հավելելով, որ այս պայմաններում կուտակային բաղադրիչը հնարավոր չէ կիրառել: