«Հրապարակը» գրում է. «Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած գյուղապետի ընտրությունները, ինչպես գրել էինք, բավական թեժ են անցել, ավելի ճիշտ՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանն է թեժացրել իրավիճակը՝ գյուղ բերելով տասնյակ ոստիկանների:

Նրա դեմ պայքարող նախկին համայնքապետ, աղմկահարույց անցյալ ունեցող Լեւոն Թարվերդյանը, սակայն, գրեթե չի երեւացել գյուղում, իսկ նրա կողմնակիցները բավական համեստ աշխատանք են տարել: Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի կողմնակիցներն ընտրությունների ավարտից 10 րոպե անց ամբողջությամբ հոսանքազրկել են գյուղը եւ գրեթե 30 րոպե մթության մեջ իրենց «գործն» արել:

Արդյունքում նկատելի առավելությամբ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ականը՝ հավաքելով 3021 ձայն, իսկ Թարվերդյանն ստացել է ընդամենը 487 քվե: Ի դեպ, մարզի Այգավան համայնքում գործող ՀՀԿ-ականը պարտվել է անկուսակցականի, իսկ մարզպետի հարազատ Ավշար գյուղում ընտրվել է մարզպետի հարազատ եղբայր, միակ թեկնածու Սուրիկ Գրիգորյանը»: