«Պետք է ընդունել, որ հակամարտության խաղաղ և արդար լուծումը պահանջում է բարձր մակարդակի քաղաքական կամք»,- այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական АПА գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

- Twitter-ի Ձեր էջում Դուք Կիևում տեղի ունեցած նախարարների հանդիպումը պատմական եք անվանել: Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նույնպես շատ դրական հայտարարություն է կատարել: Նրա խոսքերով, այս հանդիպումը դարձել է առաջինը վերջին ժամանակներում, որտեղ քննարկվել են հստակ հարցեր: Հնարավո՞ր է` այն դառնա բեկումնային բանակցային գործընթացում:

- Վերջերս Վիենայում նախագահների միջև և Կիևում ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերը իսկապես ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային իրավիճակից: Ինձ համար հաճելի էր, որ Կիևում վերջին հանդիպումը  նախարարների համար առաջ շարժվելու ուղի գտնելու նպատակով նուրբ և բարդ հարցեր քննարկելու հնարավորություն դարձավ: Մոտակա շաբաթներում բարձր մակարդակով նրանց հետագա համագործակցությունը իրական հնարավորություն կստեղծի այս հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար, չնայած պետք է ընդունել, որ առաջընթացը պահանջում է բարձր մակարդակով քաղաքական կամք:

- Ներկայումս ընթացող բանակցությունները հիմնվում են նախկինում հնչած առաջարկությունների՞ վրա, թե՞ համանախագահները վերջերս կարողացել են առաջարկել նոր գաղափարներ, որոնք կարող են խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ակտիվացման համար:

- Նախարարները անցյալ շաբաթ համաձայնության են եկել շարունակել համատեղ աշխատանքը արդեն ձեռք բերվածի հիման վրա: Միաժամանակ բոլոր կողմերը բաց են հակամարտության կայուն կարգավորման հասնելու ճանապարհները քննարկելուն: Մենք կշարունակենք նաև հետագայում աջակցել այդ բանակցություններին:

- Ինչպե՞ս եք տեսնում Շվեցարիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Շվեցարիան նախագահելու է ԵԱՀԿ-ում եկող տարի և դա այն պետությունն է, որը անուղղակիորեն մասնակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին:

- Մենք շատ շնորհակալ ենք վերջին տարվա ընթացքում ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության օժանդակության համար և անհամբերությամբ սպասում ենք Շվեցարիայի հետ համատեղ աշխատանքին, որը այդ դերը ստանձնելու է 2014 թվականին: Մինսկի խումբը շարունակում է մնալ ձևաչափ հակամարտությունների կարգավորման օժանդակության համար: Այնուամենայնիվ Շվեցարիան հակամարտությունների կարգավորման պատմական փորձ ունի և նրա ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խնդիրների լուծման մեջ կարելի է միայն ողջունել: