ԱԺ ԲՀԿ խմաբկացության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, խոսելով գազի կալորիականության մասին, հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին: Սակայն ԱԺ պատգամավորը մինչև հարցի ձևակերպումը, մեկ օրինակով բացատրեց ներկայիս գազի կալորիկանությունը:

«Գյուղերում մարդիկ, եթե ուզում են գազի վրա սուրճ եփել, սուրճը դնում են գազի վրա և այդ ընթացքում հասցնում են գնալ գոմ, կովերին կթել, կաթը տեղավորել, գալ տուն, կնոջը երկու անգամ սիրել, հետո նոր սուրճը եփում է: Ես կալորիայից չեմ հասկանում, բայց ես ուզում եմ իմանալ՝ արդյոք հնարավոր չէ՞ այն գազը ներկրել, որի կալորիան կարող է բարձր լինել և սուրճը շատ արագ եփել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Արմեն Մովսիսյանը Լյովա Խաչատրյանին ի պատասխան ասաց. «Ձեր բերած օրինակը, որ հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, ինձ թվում ա շատ արագ են սիրում, պետք է ուղղակի խորհուրդ տամ դանդաղ սիրեն»:

Նախարարը հայտնեց, որ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ վթարային իրավիճակ լինի, որը կարող է որոշակի բարձրացնել կամ իջեցնել, բայց եղել է ժամանակ, որ գազի ճնշումը շատ բարձր է եղել, քան պայմանագրով է սահմանված եղել: «Հնարավոր է այդպիսի դեպքեր, բայց դա պարբերական բնույթ չի կրում»,- ասաց նախարարը:

Լյովա Խաչատրյանը արձագանքեց նախարարի պատասխանին՝ ասելով. «Չհասկացա ձեր ասած կնոջը դանդաղ սիրելու պահը, բայց իրոք մտավախություն կա, որ գազին օդ են խառնում և դա տեխնիկապես հանրավոր է և ընդունված պրակտիկա է սև բիզնեսի մեջ»: