Օրեր առաջ Իսպանիայի Մադրիդ քաղաքում Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի նախաձեռնությամբ «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակ է շնորհվել Հայաստանը ներկայացնող  «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը, որը մեր շուկայում հայտնի է «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» և «Ռիչ քոմփյութերս (Rich Computers)» ապրանքանիշերով:

YerevanNews.am-ի հետ զրույցում ընկերության մանրածախ վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ մրցույթին մասնակցում էին աշխարհի 95 երկրների 38-ից ավելի ընկերություններ: «Էյջ Թի Էլեքթրոնիքս»-ն այն միակ հայկական ընկերությունն է եղել, որն առաջին անգամ արժանացել է «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակի:

«Այդ միջազգային մրցույթին կարող ես մասնակցել միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկ այլ կազմակերպություն քեզ առաջադրում է, այսինքն, ինքնին չես կարող մասնակցել: 38-ից ավել կազմակերպությունների շարքում էինք նաև մենք՝ «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունն իր «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» բրենդով»,-ասաց Կարեն Մկրտչյանը:

Վերջինս հայտնեց, որ մրցանակը հնարավորություն է տալիս դառնալ Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի լիիրավ անդամ, որն էլ իր հերթին թույլ է տալիս «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը մյուս մրցույթների ժամանակ ներկայացնել հայկական այլ ընկերությունների ևս:

«Այս մրցույթը ընկերություններին հնարավորություն է տալիս ավելացնել իրենց ապրանքների ծավալները, ինչպես նաև առաջխաղացում ապահովել համաշխարհային շուկայում, ձեռք բերել նոր ներդրողներ և կնքել պայմանագրեր»,-ասաց Կարեն Մկրտչյանը:

Նշենք, որ ակումբի նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկրների գործարարնների միջև տնտեսական և պրոֆեսիոնալ հարաբերությունների հաստատմանը, հատուկ ուշադրություն դարձնելով փոքր և միջին բիզնեսին: «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակին արժանացել է տարիների ընթացքում իրականացրած գործունեության, ձեռքբերումների, հետևողական աշխատանքի, ինչպես նաև բարձր որակի ու մատուցած ծառայությունների համար: