«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ հերքումների տարափ առաջացրեց։ Դատական դեպարտամենտը, դատավորները հերքումներ տարածեցին, նույնիսկ փաստաբանների պալատը քննադատեց փաստաթուղթը, դրա առաջին մասը, որտեղ օմբուդսմենը կոռուպցիայի վերաբերյալ անանուն տեղեկություններ է հայտնում, համարելով իրավական տեսանկյունից չհիմնավորված։

Երեկ, սակայն,մի անսպասելի «հիմնավորում» ստացանք անսպասելի այցելուից, եւ դա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրն էր՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում...

Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաեւ ծնողներով դեռ շփվում էինք։ Հետագայում նա դադարեց որեւէ մեկի հետ շփվել, բայց ես, որպես իրազեկ անձ,նրա եղբայր, կարող եմ ասել, որ մինչեւ 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, իսկ 99—ին Թումանյան փողոցում, որտեղ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետեւ եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում