ՀՀ այն քաղաքացիները, ում անձնագրի ժամկետը դեռ չի ավարտվել, պարտավոր չեն ձեռք բերել կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:

«Որոշում է ընդունվել համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու մասին և 2014թ. հունվարի մեկից այն բոլոր քաղաքացիները, ովքեր կդիմեն փաստաթուղթ ստանալու համար, կստանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր», - նշեց նա, հավելելով, որ փոփոխություն է մտցվել նաև նույնականացման մասին օերնքում և աղքատության նպաստ ստացող ընտանիքին և 16 տարին լրացած անձանց, ովքեր մինչ այդ անձնագիր չեն ստացել`առաջին անգամի դեպքում ստանում են անվճար:

Գնդապետի խոսքերով, հին նմուշի անձանգրերը դեռ ուժի մեջ են նոր անձնագրեր ստանալու դեպքում լուսանկար բերել պարտավոր չէ, քանի որ լուսանկարվում են տեղում: Նա նշեց, որ նույնականացման քարտն արժե 3000 դրամ, կենսաչափական անձնագրերը` 25,000 դրամ: «Այն քաղաքացիները, ովքեր անձնագրերը կարճ ժամանակով են ստանում (երեխաները` 3 տարի ժամկետով և նախազորակոչային տարիքի անձինք` 16-18), նրանք իրենց ցանկությամբ կարող են ստանալ նախկին նմուշի, քանի որ կարճ ժամանակով են ստանում: Երեխաները կարող են միշտ ստանալ նախկին նմուշի անձնագիր, սակայն ծնողների ցանկության կարող են ստանալ նաև նոր նմուշի անձնագիր», - նշեց նա:

Ոստիկանությունը նոր նմուշի փաստաթղթերը պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար լրացուցիչ գումար պետք է վճարել։