Ղրղզստանը և Հայաստանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցելու են պետության ղեկավարների մակարդակով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդ(ԵԲՏԽ) նիստին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ այս պետությունները դիմում էին ներկայացրել Մաքսային Միություն և Միասնական տնտեսական տարածք մտնելու համար:Այս մասին հայտնում է РБК-ն:  
Նիստին մասնակցություն են ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և Ղազախստանի նախագահ Նուրսալթան Նազարբաևը: Նիստին հրավիրված է նաև Ուկրաինայի վարչապետը, ով մասնակցելու է դիտորդի կարգավիճակով:

Ուշակովի խոսքերով նիստի գլխավոր թեման լինելու է Միասնական տնտեսական տարածքի ծրագրի ուղղությամբ պետության ղեկավարների աշխատանքը:

«Նախագահները պետք է քննարկեն այս փաստաթղթի առաջին մասով փորձագետների աշխատանքների արդյունքները, որտեղ բարձրացված են համակարգային հարցեր: Պետությունների ղեկավարները պետք է նաև հաստատեն փաստաթղթի առաջին մասը»,- նշել է նա:

Փստաթղթի առաջին հատվածում պետք է որոշվի խորհուրդի գործունեության իրավական կարգավիճակը, նրա նպատակները, մեխանիզմները և հիմնական սկզբունքները:

Բացի դա կողմերը ծրագրում են հաստատել և ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր: Դրանց թվում Միասնական տնտեսական տարածքի համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի որոշում, Եվրասիական տնտեսական խորհուրդի 2014 թվականի բյուջեի հաստատում, Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդին միանալու միջոցառումների ծրագիր:

Ուշակովը նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդին Հայաստանի միանալու աշխատանքները արագ տեմպերով են առաջ շարժվում:

«Փորձագետների աշխատանքը այս ուղղությամբ շատ ինտենսիվ, շատ արագ տեմպերով է տեղի ունենում»,- նշել է նա` ավելացնելով, որ Միասնական տնտեսական տարածքին միանալու աշխատանքը ավելի արագ տեմպերով է տեղի ունենում, քան Ղրղզստանի դեպքում է, որը ավելի շուտ է դիմել եվրասիական ինտեգրման համար: