«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից և առաջնորդի իր տեղը զիջել Արմեն Մարտիրոսյանին:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։

«Ոչ, լուրը իրականությանը չի համապատասխանում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նաև անդրադառնալով այն խոսակցություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հեռանալ Հայասատանից՝ մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, ասաց.

«Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու մասին խոսում են 1991թ-ից»:
Նշենք նաև, որ թերթը իր նույն համարում գրել էր, որ կուսակցության առաջնորդը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:

Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դրա մասին տեղյակ չէ, բայց կուսակցությունը ստեղծման օրվանից միշտ էլ ունի ֆինանսական խնդիրներ:

«Մենք միշտ էլ ունեցել ենք ֆինանսական խնդիրներ, քանր որ ոչ խոշոր գործարարներ ունենք, ոչ օլիգարխներ, ոչ նախկին իշխանություններից ներկայացուցիչներ , որ թալանած լինենք երկիրը և այդ գումարները կուսակցության մեջ ներդնենք»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: