ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Սարգսյան-Քոչարյան հեռահար բանավեճը բանավեճ չի համարում, պարզապես կարծում է՝ անհանգստացող մարդու տեսակետ է հնչում վերջին իրադարձությունների հետ կապված: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց, որ սխալ է համարում հարցադրումը՝ ինչու է երկրորդ նախագահը խոսում այսքան ուշ: «Եթե ընկնենք ինչու-ների հետևից, այսօրվա խնդիրներին չենք հասցնի անդրադառնալ: Լավ է ուշ, քան երբեք. եթե մի քանի ամիս կամ մի տարի առաջ չէր արվել, հիմա է՞լ պիտի չարվեր, չեմ հասկանում»,- ասաց նա:

Լ.Խաչատրյանը նշեց, որ չի կարծում, թե երկրորդ նախագահի դեմքով հնարավոր է ստեղծել ընդդիմադիր կեցվածք:

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ չի կարելի անընդհատ անցյալը քրքրել, անցյալի սխալներն ու բացթողումները հիշել: «Աբրամ ռադիլ Իսակա, Իսակ ռադիլ... Հերիք չի՞ անդրադառնալ՝ ինչ է եղել, հերիք է հինը քրքրենք: Մարդիկ թողում-էթում են... Մենք շեղում ենք անընդհատ: Երբ ցանկանում ենք մի հարց քննարկել, տալ լուծում, անընդհատ հիշում ենք՝ ինչ արեց Լևոնը, Պողոսը… Ամեն ինչ եղել է՝ լավն էլ, վատն էլ: Դա մեր պատմությունն է: Մարդիկ մեռնում են, քանի որ չեն կարողանում դեղ առնել, չեն կարողանում դեղ առնել, քանի որ աշխատանք չունեն: Ամեն անգամ, երբ սկսում ենք կոնկրետ հարցից խոսել, միմյանց քննադատում ենք, ասում՝ դու էլ ես արել, դու էլ ես եղել»,- ասաց Խաչատրյանը: