Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Այս նախագծով ընդդիմադիր պատգամավորները, ի թիվս այլ փոփոխությունների, բարձրացնում են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերին ներգրավելու հարցը:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտա­գործ­վել ինչպես Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առ­կա­յության կամ հայտարարված պատերազմի և ռազմական դրություն հայտարարելու դեպքում, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ՀՀ պաշտպանության պետական լիա­զոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական և տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաև զենքով և զինամթերքով»:

«Բանակը Սահմանադրությամբ նախատեսված է, դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավքների հետ, սակայն դա ավելի խորը իրավիճակ է, Աստված մի արասցե, որ Հայաստանում նման դրություն լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: