«Մենք էլ ենք ընդունում, որ խնդիր կա, սաղ ժողովուրդն է գտնում, որ խնդիր կա, դուք կարծում եք, որ ես այդպես չե՞մ գտնում, իհարկե, գտնում եմ»,- այսպես պատասխանեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գազին ազոտ խառնում են, թե՞ ոչ:

Փոխնախարարը հայտնեց, որ գազի որակի հետ կապված խնդիր կա, բայց թե դա ինչ խնդիր է, պետք է պարզել:

Նա նշեց, որ մասնագետներից բաղկացած հանձնաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները, հանձնաժողովում կընդգրկվեն շահագրիգիռ բոլոր կողմերը:

Շահվերդյանը նշեց, որ Հայաստանի խոշոր ձեռնարկություններից չորսն ունեն սեփական լաբորատորիաները, պարբերաբար գազի որակն ստուգում են, կալորիականության խնդիր այսօր չեն բարձրացնում: Փոխնախարարի խոսքերով՝ սա նոր խնդիր չէ, պարզապես երբ հարցը սրվում է՝ միջոցներ են ձեռնարկում:

«Ճանապարհի կեսից գազի միջից կալորիան չի կարելի հանել: Կարելի է գազը գողանալ, ծավալը տանել, բայց միջի կալորիան հանել չի կարելի: Ես կարծում եմ՝ հնարավոր չէ սահմանից մինչև սպառող գազի կալորիականությունն ընկնի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք անաչառ ուսումնասիրություն կլինի հանձնաժողովի կողմից, Շահվերդյանը պատասխանեց.

«Հենց դրա համար էլ հանձնաժողովում կլինեն ոչ թե չինովնիկներ, այլ մասնագետներ, որոնք մասնագիտական լուծում կտան»: