Ընդդիմադիր ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջը հեռանկար չունեցող գործընթաց է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Մեզ համար, այսինքն խորհրդարանական մեծամասնության և ՀՀ նախագահի համար շատ ավելի տեսանելի է կառավարության աշխատանքը և ՀՀ նախագահը ինքն է որոշում, թե երբ պիտի հրաժարական տա կառավարությունը: Կառավարությանը խորհրդարանական մեծամասնությունն է նշանակել և մենք շատ լավ տիրապետում ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ մանրամասներին»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսին ներկա էր նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով անդրադառնալով այս նույն հարցին և պատգամավորի դիրքորոշմանը, նշեց. «Սա վաղուց հայտնի դիրքորոշում է, վիճարկելի է հենց այն փաստարկը, որ մեզ ավելի տեսանելի է, մենք ավելի լավ գիտենք: Հանրությանն էլ մեկ ուրիշ բան է տեսանելի, սոցիալական բևեռվածությունը սկսում է շատանալ, մեծանում է արտագաղթի չափը: Երկիրը գնալով հայտնվում է ճգնաժամի մեջ», -հակադարձեց Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքերով, կառավարության հրաժարական չպահանջելը կարող էր երկու պատճառ ունենալ: Մեկը, ազգագրագետի խոսքերով, փաստարկների բացակայելն է, մյուսը՝ այս ամենի շոու լինելը: «Կամ լավ չեն աշխատել կամ այս ամենն ավելի շատ շոու էր, քան գործողությունների ծրագիր», - նշեց նա: