Երկու օր է, ինչ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի նախաձեռնությամբ դադարեցվել է Գառնիի տաճարի տարածքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ պատրաստվում են բացօթյա սրճարան կառուցել:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ը պայքարում է Գառնիի տաճարի բակում շարժական սրճարան հիմնելու համար: Սակայն Գառնիի գյուղապետն ու գառնեցիները պայքարում են, ասելով, որ պատմամշակութային արգելոց համարվող հողատարածքում արգելվում է առանց կատեգորիա փոխելու, այլ շինարարական աշխատանքներ կատարել:

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի խոսքերով ոչ տարածքն է ուսումնասիրվել, ոչ էլ տեղում պեղումներ են արվել, հետևաբար ասել, որ որևէ հնագիտական արժեք չեն վերացնի, հնարավոր չէ:

«33 մետր երկարությամբ և 17 մետր լայնությամբ պատնեշը կառուցել են արդեն, չհաշված, որ աշնանը ֆունդամենտն են արել և պեղում չարած տարածքը, որտեղից գտել են փամփուշտներ, զենքեր: Լավ, էլի թող շարժական սրճարան լինի, բայց ախր այդ սրճարանի համար ջրահեռացում պետք է լինի, ո՞ւր են գնալու այդ ջրերը: Ժայռից թափվելու է Երևան գնացող ջրի կապտաժի վրա՞, թե հոր են անելու չպեղված տարածքը, որպեսզի ջուր լցնեն: Այդ ոչ հիմնական սրճարանին խոհանոց, պահեստային մաս, զուգարան չի՞ լինելու, բա ախր դրանք լայնածավալ շինարարական աշխատանքներ են»,-իր խոսքում ասաց Աշոտ Վարդանյանը:

Գյուղապետի խոսքերով՝ տարբեր գերատեսչությունների գրություններ են ներկայացրել, ինքը հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի հետ և դիմել է իրավապահ մարմիններին:

«Շինարարության թույլտվություն տալիս է համայնքը, եթե ես չեմ տվել, ապա դա արդեն խախտում է, դրա համար ես դիմել եմ ոստիկանություն և համաձայն օրենքի, ես օրենքի խախտման համար իրենց տուգանել եմ 400 000 դրամ և հիմա էլ փոստով ուղարկում եմ իրենց ծանուցագիրը»,-ասաց Աշոտ Վարդանյանը:

Գյուղապետը վստահ է, որ օրենքն իր կողմից է լինելու, քանի որ հատուկ նշանակության պահպանվող տարածքում ոչ ոք իրավունք չունի, թե հիմնական, թե ոչ հիմնական շինություն կառուցելու:

Աշոտ Վարդանյանը մեզ հայտնեց, որ գառնեցիները օր ու գիշեր հերթապահում են, որպեսզի շինարարությունները չվերսկսվեն: