Ավելի վաղ հայտնել էինք, որ հղիության պաթոլոգիաների բուժումը դառնալու է համավճարով` մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը` հիվանդը: Մինչ այժմ` հղիության ընթացքում պաթոլոգիաների բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում: Ավելի ուշ նախարարը հրաման ստորագրեց, համաձայն որի հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի:

Այսօր լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ նախարարը հրամանը չեղյալ հայտարարեց:

«Դա պայմանավորված էր նրանով, որ նաև ուսումնասիրեցինք ու տեսանք, որ հասարակության կարծիքը միանշանակ չէ այդ հարցի կապակցությամբ և հաշվի նստեցինք հասարակության կարծիքի հետ: Պարզվեց, որ խնդիրը լավ նախապատրաստված չէր»,- իր խոսքում ասաց Դերենիկ Դումանյանը:

Նախարարի խոսքերով՝ քանի որ գումարները տարբեր էին նորմալ ֆիզիոլոգիական ծնունդների և հղիության պաթալոգիայի դեպքում, այստեղ ավելացել էր պաթալոգիաների թիվը: Եվ նախարարության նպատակն էր ճշտել, թե որն է սրա խնդիրը: Եվ փաստորեն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում որոշակի հավելագրումներ են լինում:

«Դա կանխարգելելու առաջարկներից մեկն այն էր, որ որոշակի խավերի համար՝ ունևոր խավերի համար, դնել որոշակի համավճար: Պետությունն էլի իր միջոցներն այդ նպատակներով տրամադրում էր այն չափով, որ չափով նախատեսված եղել է»,- ասաց Դերենիկ Դումանյանը:

Լրագրողները նկատեցին, որ Հայաստանում բնակչության մոտ 80 տոկոսն է անապահով, ինչպե՞ս էր որոշվելու, թե ովքեր են անապահով, որպեսզի նրանց համար համավճար չկիրառվեր:

«Հենց էդ 80 տոկոսը չեն վճարելու: Մեր խնդիրը չէ նման ծրագրերի տակ գումար ունենալ: Միանշանակ ես ձեզ հայտարարում եմ, հիշո՞ւմ եք, երբ մենք ծննդօգնությունը դարձրեցինք մարզային կտրվածով, տեղայնացրեցինք, բոլորին թվում էր, թե մեր նպատակն է, որպեսզի լրացուցիչ գումար գա համակարգ: Բայց մինչև այսօր, շուտով մեկ տարին կլրանա, որևէ վճարովի ծնունդ Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունեցել: Եվ դրա համար ես ուրախ եմ, մեր նպատակն է, որպեսզի նաև տարածքների համաչափ զարգացում լինի, որ տեղի մասնագետները վարձատրվեն»,- ընդգծեց նախարարը: 

Հարցին, թե արդյո՞ք չի նախատեսվում բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, նախարարն ասաց.

«Հունիսի 1-ից կլինեն բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացրում, բավականին միջոցներ են այս նպատակի համար տրամադրվելու»:

Նախարարը ընդգծեց նաև, որ որևէ մեկը չի ժխտում, որ առողջապահության համակարգում դեռևս ստվեր գոյություն ունի:

«Եթե մեզ հաջողվի այդ ստվերը բերել իրավական դաշտ, ես շատ ուրախ կլինեմ դրա համար: Մենք վերջին տարիների ընթացքում 3 անգամ պակասեցրել ենք ստվերը և այդ պակասեցումը դեռևս կան ստվերային երևույթներ»,-ասաց Դերենիկ Դումանյանը: