Օրեր առաջ Հայկական ժամանակ օրաթերթը գրել էր, որ հունվար ամսվա համար ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ, սակայն ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 17 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ գործատուներից շատերը դեռ սպասողական վիճակում են՝ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված: Այս մասին այսօր նա ասաց կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ այնուամենայնիվ դեռ վաղ է գնահատականներ տալը՝ այդ թիվը շատ է, թե քիչ:

«Ես շատ ու քչի կանխատեսում չեմ կարող անել, կարծում եմ շատ ակտիվ է, քանի որ երբ նայում ենք ընտրություն կատարողների թվին, ակնհայտ է դառնում, որ շուրջ մեկ տասնյակից ավել անձ ընտրություն է կատարել, իսկ մեծ մասը իրենց ընտրությունը կատարում են նաև չընտրելով»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարը կարծում է, որ մեր հասարակությունն ավելի շատ համակարգի մասին մանրամասն տեղեկանալու խնդիր ունի:

«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը համակարգի գործունեության մեխանիզմներին, հիմքերին և բարեփոխումների տրամաբանությանը մանրամասն տեղեկանալու խնդիր ունի: Պետք է նկատի ունենանք, որ կենսաթոշակային բարեփոխումները, դրանք մեր երկրի ապագայի և զարգացման համար կարևորագույն փոփոխություններ են և պետք չէ պրիմիտիվացնել այդ ամեն ինչը»,-ասաց նախարարը:

Լրագրողի այն դիտարկամանը, թե հասարակության 80% այդ կարծիքին չէ, Արտեմ Ասատրյանն ասաց.

«Մարդիկ խոսում են երևույթների մասին, առանց խորամուխ լինելու, ուղղակի վերցնելով դրա զուտ արտաքին մասը, բառերի մանիպուլացիա են անում, որն անթույլատրելի է, մեր քաղաքացիներին գցում են թյուրիմացության մեջ»,-եզրափակեց Արտեմ Ասատրյանը: