Մարտի 18-22-ը Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն և զբոսաշրջություն» 21-րդ միջազգային ցուցահանդեսը: Տրամադրվել են 7 հսկայական սրահներ, որտեղ ամեն երկիր ուներ իր տաղավարն ու իր երկիրը ներկայացնող ստենդը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը Մոսկվայից, յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ յուրօրինակ և գեղեցիկ ոճով ներկայացնում էր իր երկրի ազգային մշակույթը, ուտեստները և տեսարժան վայրերը:

Միջազգային այս ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ երկրի տեսարժան վայրերի, հյուրանոցների և առողջարանների ներկայացնելն ու զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելն էր:

Բայց այս ցուցահանդեսը մեր ուշադրությունը սկսեց գրավել այն ժամանակ, երբ մեր թղթակիցը մոտեցել է ադրբեջանական տաղավարին և տեսել, որ ամբողջ սեղանը զարդարված է Արցախի, Շուշիի, Ստեփանակերտի լուսանկարներով ու տեղեկատվական թերթիկներով:

Անմիջապես փորձել է զրուցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ և հետաքրքրվել, թե ինչպես կարող է այցելել Շուշի: Ցավոք ընդամենը մեկ հարցից հետո, ադրբեջանցին կռահել է, որ իր զրուցակիցը հայ է, խուսափել է զրույցից:

Ստորև ներկայացնում ենք մեր թղթակցի և Ադրբեջանի ներկայացուցչի զրույցից մեկ հատված.

YerevanNews.am-Ինչ է Արցախը ձե՞րն է:

Ադրբեջանի ներկայացուցիչ-Դե հիմա ձերն է:

YerevanNews.am-Էդ դեպքում ինչո՞ւ եք դուք ներկայացնում:

Ադրբեջանի ներկայացուցիչ-Որովհետև մեր քարտեզի մի մասն է:

YerevanNews.am-Լավ, ես ուզում եմ այցելել Արցախ, կարո՞ղ եք ինձ օգնել:

Ադրբեջանի ներկայացուցիչ-Թողեք ձեր կոնտակտները:

YerevanNews.am-Ու դուք ինձ կարո՞ղ եք տանել Արցախ:

Ադրբեջանի ներկայացուցիչ-Այո, թողեք ձեր կոնտակտները, մենք կապ կհաստատենք ձեր հետ և կապահովենք ձեր այցը Արցախ:

Մեր թղթակիցը թողել է իր հեռախոսահամարը և անհամբեր սպասում է նրանց զանգին:

Ցավոք, ադրբեջանցի աղջիկը չի շարունակել իր զրույցը մեր թղթակցի հետ, ավելին թույլ չի տվել նկարահանել իրենց տաղավարը:

Բայց, այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել նրանց տաղավարը և վերցրել է տեղեկատվական թերթիկը, որում ներկայացվում է Արցախը, որպես Ադրբեջանի «սիրտ»:

Հ.Գ. Պետք է նշենք նաև մեկ կարևոր հանգամանք ևս, մինչ Ադրբեջանի պատվիրակությունը Մոսկվայի կենտրոնում ջանք ու եռանդ չէր խնայում զբոսաշրջիկներին ու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին ներկայացնել Արցախը, որպես իր լավագույն տուրիստական գոտի, Հայաստանի ներկայացուցիչների տաղավարում չկար Արցախի գոնե մեկ լուսանկար կամ տեղեկատվական թերթիկ, որից կարող էին ցուցահանդեսի մասնակիցները կռահել, որ Արցախը պատկանում է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի հանրապետությանը:

Արմինե Ավետիսյան

Մոսկվա