Ողջ աշխարհի հայությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:

1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:

Հիշատակի արարողություններ տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր կան: Երեւանում ապրիլի 24-ի վաղ առավոտից անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վրածննունդը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ուղղվում տասնյակ հազարավոր մարդիկ. գալիս են ընտանիքներ, կազմակերպություններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն հայ ժողովրդի վշտի նկատմամբ: Սփյուռքի շատ ներկայացուցիչներ այդ օրը հատուկ ժամանում են Հայաստան` մասնակցելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող երթին: