Վրաստանի ԱԳՆ-ն կշտամբել է Թուրքիայի դեսպանին: Այդ մասին տեղեկացնում է նշված գերատեսչության պաշտոնական կայքը: Խնդիրն առնչվում է օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ների ավելի քան 80 ներկայացուցիչների Աբխազիա կատարած այցելությանը, ինչը վրդովվեցրել է վրացական կողմին, և այդ կապակցությամբ Թուրքիայի դեսպան Զեքի Լեվենտ Գումրուքչուն հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանում տալու համար: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիան իր բողոքն է արտահայտել վերոնշյալի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: Թուրք դիվանագետն իր հերթին նշել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Աբխազիա լրագրողների այցելությունը որևէ կապ չունի պաշտոնական Անկարայի դիրքորոշման հետ:
Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ հիմք վերցնելով Լ. Գումրուքչուի խոսքերը, թուրք լրագրողները պետք է որ իրենց երկրի համապատասխան մարմինների կողմից զգուշացված լինեին «Օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքին»: Ուստի ստացվում է՝ թուրքական ԶԼՄ-ի ներկայացոիցիչները կամ լավ չեն զգուշացվել կամ էլ լավատեղյակ լինելով խնդրին, վերջիններս, ըստ էության անտեսել են այն, և, փաստորեն, խախտելով տվյալ օրենքի պահանջները, որոշ բացասական նրբերանգներ հաղորդել վրաց-թուրքական հարաբերություններին:

Ալիկ Էրոյանց